ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻՆ

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻՆ
02.03.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ծննդյան օրերը հրաշագեղ Փարիզին առանձնահատուկ շքեղություն են հաղորդում: Դեկտեմբերի երկրորդ կեսից, մութն ընկնելուն պես, քաղաքի կենտրոնը հեքիաթային է դառնում: Այն ողողվում է խանութների լեփ-լեցուն ցուցափեղկերից հորդող բազմերանգ լույսերով և շողարձակում մայթերի ծառերը զարդարող հազարավոր փոքրիկ լամպերի գունավոր ցոլցլացող առատությունից:
-Աջից երկրորդ բարձրահարկ շենքը Ձեր պահանջած հասցեն է, մոտենալ չեմ կարող, տեսնում եք` ոստիկանական շուրջկալ է, - ասաց տաքսու վարորդը` մատնացույց անելով ոստիկաններին։
-Ի՞նչ է պատահել,- հետաքրքրվեցի ես:
-Չգիտեմ, մըսյե, միայն կարող եմ ենթադրել, որ լուրջ բան է տեղի ունենում: Մենք Փարիզի 15-րդ թաղամասում ենք գտնվում, Էյֆելյան աշտարակն այստեղից 200 մետրի վրա է: Ես առաջին անգամ եմ այստեղ ոստիկանական շուրջկալի ականատես լինում: Հավանաբար, հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում: Տեսնում եք, բարձրահարկի մուտքի մոտ սակրավոր է կանգնած: Խնդրում եմ, ինձ վճարեք գնամ, այստեղ կանգառս վտանգավոր եմ համարում, Ձեզ էլ խորհուրդ կտայի տարածքում չմնալ:
Իսկապես, շենքի մուտքի մոտ սակրավոր էր կանգնած, նրա շարժումները բավականին սահմանափակ էին, տիեզերագնացի արտահագուստ հիշեցնող նրա զրահահագուստն էր սահմանափակում շարժումները: Վճարելով տաքսու վարորդին` իջա մեքենայից ու միացա մայթին հավաքված հետաքրքրասերներին: Նկատեցի, որ դեպքերը զարգանում են շենքի հենց այն մուտքում, որտեղ բնակվում է բարեկամուհիս` Դիանա Աղաբեկյանը: Երկու օր առաջ Դիանան խնդրել էր ինձ մաթեմատիկայի մասնավոր դասեր տալ նրա նոր հարևանուհու երկու անչափահաս երեխաներին: Դիանայի պատմելով` հարևանուհին լիբանանահայ էր, մեկ ամիս առաջ էր բնակություն հաստատել իրենց շենքում: Դիանան նրանց հետ ծանոթացել էր շենքի վերելակում. արձագանքել էր, երբ լսել էր, որ անծանոթուհին հայերեն է խոսում երեխաների հետ:
Բարձրահարկ շենքը ոստիկանները վերցրել էին կրկնակի օղակի մեջ, երկու հզոր լուսարձակներից այն լուսավորվում էր, շենքի տանիքի գլխին էլ ոստիկանական ուղղաթիռ էր պտույտներ գործում, աներևույթ մի բան փնտրելով: Մայթին հավաքված հետաքրքրասերների բազմությունը, ինչպես և ոստիկանները, լուռ հետևում էին ծավալվող դեպքերին: Լարված լռությունը պարբերաբար խախտվում էր ոստիկանների շների կատաղի հաչոցից և ուղղաթիռի պտուտակի հռնդյունից: Շուտով հետաքրքրասերների բազմությանը միացան նաև հեռուստալրագրողներն իրենց տեսախցիկներով: Մայթին տեղադրված հեռախոսից երկու անգամ զանգահարեցի Դիանային։ Հեռախոսափողը վերցնող չկար: Քիչ անց սակրավորը կրկին երևաց Դիանայենց շենքի մուտքում, նա գլխի սաղավարտը հանել էր, ինչը նշան էր, որ պայթյուն չի լինելու: Ամբոխը թեթևացած շունչ քաշեց։ Հետո երևացին հակաահաբեկչական միավորման դիմակավորված, սևազգեստ մարտիկները: Նրանցից երկուսը մուտքից հանեցին բավականին մեծ, զարդարված տոնածառ և նետեցին շենքի պատի տակ: Ավագ ոստիկանը ձեռքով գլխավերևում ինչ-որ շարժում կատարեց, և ոստիկանական շուրջկալից րոպեների ընթացքում հետք չմնաց, Դիանայենց շենքի մուտքն ազատ էր: Հատուկ ջոկատայինները, ոստիկանները, հեռուստալրագրողներին և հետաքրքրասեր քաղաքացիներին առանց բացատրություն տալու, անմիջապես հեռացան: Մայթին հեռուստալրագրողներից մեկը, տեսախցիկի առջև կանգնած մատնացույց անելով հեռացող ոստիկանական մեքենաները, հեռուստադիտողներին բողոքում էր, որ ոստիկանները, ոտնահարելով լրատվամիջոցների մասին օրենքը, առանց հանրությանը բացատրություն տալու հեռացան:
Դիանայենց հարկում վերելակից դուրս գալուն պես, անհասկանալի տագնապս իրական դարձավ. նրանց դռան բանալու հատվածում խոռոչ էր բացված, որի միջից միջանցքի հատակը երևում էր: Կիսաբաց դուռը բացեց Դիանայի աղջնակը:
-Բարև Ձեզ, քեռի Անդրանիկ, ներս համեցեք, - ասաց նա` արտասուքը գեղեցիկ, սևաթույր աչքերում:
-Ի՞նչ է պատահել, այս ի՞նչ ոստիկանական շուրջկալ էր ձեր շենքում, դուռն ինչո՞ւ է վնասված,- հարցրի անհամբեր:
-Ներս համեցիր, Անդրանիկ, դուռը ոստիկաններն են ջարդել,- դահլիճից լսվեց Դիանայի երգեցիկ ձայնը: Հուզականությունը Դիանայի սոպրանոն մելամաղձոտ և ավելի տպավորիչ էր դարձրել:
Թեյի սեղանի շուրջը տեղեկացա, որ ոստիկանական շուրջկալը, հակաահաբեկչական միջոցառումները Դիանայի բարեգործության պատճառով են եղել:
-Բայց դու ի՞նչ կապ ունես այս ամենի հետ:
-Ես և աղջիկս որոշեցինք մեր նոր հարևանուհու երեխաներին ծննդյան տոների կապակցությամբ նվեր մատուցել: Նախորդ օրն իմ ներկայությամբ հարևանուհուս երեխաները մայրիկից տոնածառ խնդրեցին, իսկ մայրը մերժեց, թե` իրենց ազգանունով, հասցեով պատվիրել չեն կարող, վտանգավոր է:
-Ինչո՞ւ է վտանգավոր, - հետաքրքրվեցի ես:
-Պարզվեց, հարևանուհուս ամուսինը Բեյրութի քաղաքային ոստիկանությունում բարձրաստիճան սպա է: Ամիսներ առաջ նրա ղեկավարած օպերացիայի շնորհիվ Բեյրութի նավահանգստից մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերում։ Արդյունքում ձերբակալում են տեղական մաֆիայի մի քանի պարագլուխների: Ձերբակալություններից հետո հանցագործ կլանը սպայից և նրա ընտանիքի անդամներից վրեժխնդիր լինելու փորձեր է ձեռնարկում: Երկու անգամ ծառայողական մեքենան են պայթեցնում, ինքնաձիգներից կրակահերթեր են արձակում նրանց տան ուղղությամբ: Ընտանիքի հայրը ստիպված է լինում կնոջն ու երկու երեխաներին ծածուկ տեղափոխել Փարիզ:
-Նրանք այստեղ ծպտվա՞ծ են բնակություն հաստատել,- հետաքրքրվեցի ես:
-Այո, այդ պատճառով էլ հարևանուհիս խնդրեց, որ երեխաների համար ես ուսուցիչ վարձեմ: Ես էլ ասացի, որ ճանաչում եմ մաթեմատիկայի լավագույն մասնագետներից մեկին և խնդրեցի քեզ, որ նրա երեխաների հետ պարապես:
-Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը ոստիկանական շուրջկալի հետ,- հարցրի ես:
Դիանայի հուզմունքն անցել էր, նա նույնիսկ լայն ժպտաց` մերկացնելով ճերմակ ատամնաշարը։
-Քանի որ երեխաների մայրն աշխատում էր տնից դուրս չգալ, մնալ ծպտված, ես և աղջիկս որոշեցինք երեխաների համար տոնածառ պատվիրել և գեղեցիկ անակնկալ մատուցել:
-Ե՞վ:
-Տոնածառը պատվիրեցինք։ Բնական է, այն մեր հասցեով բերեցին: Աղջկաս հետ մեր բնակարանից մեծ դժվարությամբ աստիճանավանդակով բարձրացրինք նրանց հարկ, քանի որ եղևնին բարձր էր` վերելակ չմտավ: Տեղավորեցինք հարևանուհուս դռան դիմաց, զարդարեցինք, շուրջն էլ տուփերով նվերներ դրեցինք: Սքոչով փակեցինք դռան աչքը, տվեցինք զանգն ու կամացուկ մոտեցանք վերելակին:
-Բայց ինչո՞ւ փակեցիք դռան աչքը:
-Որպեսզի դուռը բացելուն պես երեխաները գեղեցիկ անակնկալի հանդիպեն,- հոգոց հանեց Դիանան:
-Ե՞վ...- չկարողացա զսպել ծիծաղս:
-Զանգը լսելով, մայրը մոտենում է դռանը, տեսնելով, որ դռան աչքը փակ է, փորձում է ինձ հեռաձայնել, իսկ ես աղջկաս հետ դեռևս վերելակում էի: Նա էլ հեռաձայնում է շենքի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս էլ օպերատիվորեն տեղեկացնում են, որ նրանց դռան դիմաց զարդարված տոնածառ է դրված, երեք տուփի հետ:
-Խեղճ հայուհին կարծում է, թե մաֆիան իրենց գտել և դռան դիմաց ռումբ է տեղադրել, որ դուռը բացելուն պես պայթի,- եզրակացրի ես:
-Այո, ճիշտ այդպես է լինում: Տեղի ոստիկանությանն այս ընտանիքի պատմությունը հայտնի է, նրանք անմիջապես մեծ ուժերով գալիս են, որ կանխեն ահաբեկչությունը: Դե, մնացածն արդեն տեսել ես,- տխուր ժպիտով խոսքն ավարտեց Դիանան:
-Մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ կպատահի,- ժպտացի ես։- Դու ցանկացել ես փախստական երեխաներին հաճելի անակնկալ մատուցել:
-Երբ հակաահաբեկչականի մարտիկները ներխուժեցին բնակարան, ինձ և աղջկաս պառկեցրին հատակին ու սկսեցին հարցաքննել, զուգահեռ էլ բնակարանս տակնուվրա անել, խոսքերդ հիշեցի` բարի գործը, որպես կանոն, անպատիժ չի մնում,- արցունքների միջից ծիծաղեց Դիանան:
-Ինչպե՞ս էին այդքան արագ պարզել, որ դու ես տոնածառի հեղինակը:
-Շենքի անվտանգության ծառայությունը 32 հարկում էլ տեսախցիկներ ունի դրած: Նայել էին տեսագրությունը, թե ինչպես եմ ես գաղտագողի աղջկաս հետ տոնածառը և փաթեթավորված նվերները մեր «զոհի» դռանը դնում, սքոչով նրանց տեսադաշտը փակելով: Իհարկե, նրանք համոզվեցին, որ ես ահաբեկիչ չեմ, որ ցանկացել եմ երեխաներին իմ «սյուրպրայզով» երջանիկ րոպեներ պարգևել, որպեսզի իրենց գործն ավարտին հասցնեն, նվերներս տարան փորձաքննության, ասացին` կարգն է այդպիսին: Այսպես իմ և աղջկաս բարի մղումն այսքան անտեղի չարչարեց մարդկանց։
Լսում էի և մտածում` ինչ լավ է, որ Դիանայի նման մարդիկ էլ կան:

Դիտվել է՝ 17828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ